Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, քննիչը որոշել է ԱԱԾ պաշտոնյայի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնել:

Ըստ ՀՔԾ-ի՝ վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020թ-ի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

Վերջինս ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և փոխանցել է Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը: Այն պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ` դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ: