24-ամյա Մարգար Վարշամյանը ճանաչվել է Գերմանիայի Դաշնության Նորդեն քաղաքի 2017թ․-ի լավագույն երիտասարդ բռնցքամարտիկ: Այս մասին հայտնել է Ներքին Սաքսոնիա մարզում հայապահպանմանն ուղղված միջոցառումների նախաձեռնող Ալբերտ Թովմասյանը NEWS.am-ի հետ հարցազրույցի ժամանակ։

Գերմանիայի մշտական բնակիչ Մարգարը 8 տարի է` ինչ զբաղվում է բռնցքամարտով, այս ընթացքում 5 անգամ դարձել է Ներքին Սաքսոնիա մարզի բռնցքամարտի չեմպիոն, 2017թ․-ին գրավել է 18-ից բարձր տարիքային խմբի Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնության երկրորդ տեղը:

Սակայն նա չի բավարարվել գրանցված հաջողություններով, մտադիր է հաստատվել պրոֆեսիոնալ բռնցքամարտում և գրավել նորանոր գավաթներ ու տիտղոսներ: Մարգար Վարշամյանը նաև սովորում է համալսարանում, ցանկանում է համատեղել պրոֆեսիոնալ սպորտը և մանկավարժի մասնագիտությունը:

Ալբերտ Թովմասյանը նաև պատմեց, որ մարզի հայ երիտասարդների զգալի մասը ներգրավված է մանկավարժության, ճարտարագիտության բնագավառում, ինչպես նաև տարբեր արհեստներում: Թովմասյանը խորհուրդ է տալիս այլ մարզի համայնքներին «վարակվել» իրենց հաջողություններով և ամեն ինչում աջակցել Գերմանիայում իրենց երիտասարդների կայացմանը: