Մարտի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ, նշվել է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցել է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մեկ շաբաթով դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են, սակայն իրենք էլեկտրոնային կարգով կշարունակեն ուսուցումը:

Օրվա կարևոր թեմային անդրադառնալով՝ Վրեժ Գաբրիելյանը Ծառայության կազմակերպման վարչությանը հանձնարարեց կազմակերպել կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթերի տարածումը բոլոր փրկարարական ջոկատներում՝ իրազեկման նպատակով:

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով Բժշկական ապահովման վարչության պետ Կ. Աթոյանին հանձնարարվել է լինել ավելի խիստ, ամեն օր առավոտյան աշխատակիցներին ստուգել և առավել ուշադրություն ցուցաբերել վերին շնչառական ուղիների hիվանդության դեպքերի նկատմամբ: Իսկ մարզային փրկարարական վարչություններից անձնակազմի hիվանդության դեպքերի մասին ստացվող տեղեկատվությունը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով փոխանցել Բժշկական ապահովման վարչությանը՝ մոնիթորինգ իրականացնելու նպատակով:

Հանձնարարվեց խորհրդատվության պատշաճ կազմակերպում իրականացնել 911 ահազանգման կենտրոնի օպերատորների համար, որպեսզի նման ահազանգի դեպքում օգնեն քաղաքացուն ճիշտ կողմնորոշվելու, հորդորեն բժշկի դիմելու համար, իսկ լուրջ խորհրդատվության կարիք ունեցողների զանգերին կպատասխանեն Բժշկական ապահովման վարչության մասնագետները:

Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին հանձնարարվել է սերտ համագործակցել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության ստորաբաժանումների հետ, կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքներում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան օպերատիվ արձագանքումը կազմակերպելու նպատակով:

Ծառայության տնօրենը կրկին անդրադարձել է անձնակազմի ուսուցման հարցին և ընդգծեց դրա կարևորությունը: Փրկարար ուժերի վարչությանը հանձնարարվել է մինչև շաբաթվա վերջ տնօրենին զեկուցել ՀՀ տարածքում բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման իրականացման առանձնահատկությունների մեթոդական ուղեցույցի դրույթների հիման վրա ստուգարքները հանձնելու մասին:

Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանը հանձնարարվել է ընդհանրացնել և մինչև մարտի 3-ը ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների չվերանորոգված շինությունների ցանկը՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Փրկարար ծառայության տնօրենը գնահատելով փետրվար ամսվա տնօրենի ուսումնական խմբի պարապմունքները, նշել է՝ առաջին անգամն է, որ ուսումնական պարապմունքներում համադրվել են աշխատակիցների տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ:

Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձել է նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի: