Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը 168 TV-ի եթերում ասել է, որ կորոնավիրուսից ավելի լուրջ վտանգ է Հայաստանում «քաղաքական կորոնավիրուսի» ի հայտ գալը.

«Հանրաքվեն կորոնավիրուսով չեղարկել-չչեղարկելու հարցը չէ հրատապ, ավելի հրատապ է հանրաքվեն նեղ հարցի շուրջ անցկացնելու փաստը: Ի սկզբանե դեմ եմ եղել նման հանրաքվեի կազմակերպմանը, որովհետև այլ խնդիր է, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ այս կազմը պետք է վաղուց հրաժարական տային, ոչ միայն՝ որովհետև դա պահանջում է հասարակական ընդհանուր մթնոլորտը, այլ նաև՝ նրանք չունեն և չեն ունեցել հասարակական վստահությունը: Բայց միևնույն ժամանակ՝ դեմ եմ խնդիրն այս կարգով լուծելուն և լուրջ պետական խնդիրը նեղ անձնական խնդրի վերածելուն: Երկրորդ՝ ես այն համոզմանն եմ, որ այդ և այլ խնդիրներին պետք էր անդրադառնալ հեղափոխությունից անմիջապես հետո՝ նոր Սահմանադրության ընդունմամբ։

Պետք է նոր Սահմանադրություն ընդունել, ոչ թե փոփոխություններ անել, որովհետև գործող Սահմանադրությունը կեղծված է։

Այս Սահմանադրությամբ չի կարելի նոր քաղաքական համակարգ և նոր Հայաստան կառուցել: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ ավելի շատ վարակված ենք քաղաքական կորոնավիրուսով»,- ասել է Մկրտչյանը: