Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ արձագանքելով բազմաբնակարան շենքերի ինքնակամ կառուցման գործով իրեն որպես մեղադրյալ ներգրավելու Դլխավոր դատախազության հաղորդագրությանը, հայտարարել է, որ որպես ղեկավար որևէ հանցանք չի գործել:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՔՕ 315.2 հոդվածով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելը, պատժվում է տուգանքով կամ 1-2 տարի ազատազրկմամբ) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար:

«Ցանկանում եմ նշել, որ որպես «դարի հանցագործություն» ներկայացված դեպքն իրականում վերաբերում է Աբովյան համայնքում անկախությունից հետո առաջին անգամ կատարվող բազմաբնակարանային բնակելի շենքերի շինարարության հետ կապված աննշան մի դրվագի։ Ընդ որում` այդ շինարարությունը կատարվում է բացառապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ դրա ավարտին նախատեսվում է լուծել Աբովյանի մոտ 1000 ընտանիքի բնակարանային խնդիրները։

Ես դեռևս հակված եմ կարծելու, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է... սակայն, եթե պարզվի, որ տեղի ունեցածը որևէ մեկի դիտավորության կամ ...«նեղվածության» փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է գրառման մեջ: