Utaxi-ն դիմել է Պետական եկամուտների կոմիտե և Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով՝ Bolt-ի անբարեխիղճ մրցակցության պատճառով. օրինախախտ վարքագծի առկայության դեպքում վերջինիս դադարեցման նկատառումներով:

«ՅուՏաքսի ՍՊԸ»-ի դիմումի մեջ նշված է, որ 2020թ-ի հունվարից ՀՀ շուկա է մուտք գործել «Բոլտ Սերվիս ԷյԷմ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է էստոնական Bolt էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների մատուցման հետ։ Այս մասին տեղեկացնում է Հետք-ը։

Նորաստեղծ ՍՊԸ-ն, իր գործունեությունը ծավալելիս, ըստ «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի, թույլ է տալիս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մի շարք նորմերի խախտումներ, այդ թվում` հարկային օրենսգրքի որոշ դրույթների։ Ընկերությունը «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի կողմից իրազեկվել էր անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ, առաջարկվել էր վերացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները:

Սակայն «Բոլտ Սերվիս ԷյԷմ» ՍՊԸ-ն ոչ միայն չի վերացրել, այլև «ամրապնդում է իր անբարեխիղճ վարքագիծը»՝ կիրառելով միջոցներ տաքսի ծառայությունների համար ձևավորված գինն արհեստականորեն իջեցնելով, արհեստական զեղչեր, վարորդներին անհասկանալի երաշխավորված բոնուսներ տրամադրելով, սոցկայքերում մոլորեցնող հայտարություններ և գովազդներ տեղադրելով:

Նշված ընկերության և վերջինիս հետ գործակցող ընկերությունների և/կամ վարորդների միջև առկա պայմանավորվածությունները, արհեստական զեղչային քաղականությունը, ըստ «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի դիմումի, ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնության վառ դրսևորում, որի նպատակն է խաթարել ՀՀ շուկայում գործող մյուս մրցակիցների գործունեությունը՝ անբարեխիղճ մրցակցությամբ:

ՏՄՊՊՀ-ն փետրվարի 28-ին որոշել է վարչական վարույթ հարուցել «ՅուՏաքսի ՍՊԸ»-ի ներկայացրած դիմումի հիման վրա: