«Լալվար» մանկական ճամբարը Օձունի «Կենդանարար» հանդամասում կառուցվել է 1960-ական թթ-ին՝ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի կողմից: Ճամբարում իրենց ամառային հանգիստը խորհրդային տարիներին անցկացնում էին ալավերդցի 500 երեխաներ: Ճամբարն աշխատել է երկու հերթափոխով: Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Լալվար» ճամբարն ու վերջինիս հարող 8,6 հա հողատարածքը Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ 1996թ-ին դարձել է Վալերի Մեջլումյանի հիմնադրած «Արմենիան քափր փրոգրամ» («ԷյՍիՓի») ընկերության սեփականությունը։

«Լալվար» ճամբարը մեծ համբավ է ունեցել հատկապես լեռնամետալուրգիական կոմբինատի վերջին տնօրեն Նորիկ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ 1977-1989թթ-ին: Նորիկ Սարգսյանը անձամբ էր վերահսկում ճամբարում երեխաների հանգստի կազմակերպումը: Կոմբինատի մշակույթի պալատի նախկին տնօրեն Ավետ Թամազյանի խոսքով՝ սեփականաշնորհելուց հետո՝ 1996-1997թթ-ին «Լալվար» մանկական ճամբարի մահճակալները տեղափոխվել են Դրմբոնի լեռնահարստացուցիչ համալիրի բանվորական հանրակացարաններ: Դրանից հետո ճամբարը մոռացության է մատնվել։

«Հետք»-ի հարցմանը, թե ներկայումս ու՞մ սեփականությունն է «Լալվար» ճամբարը, և ինչո՞ւ այն 24 տարի չի շահագործվել, «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության բաժնից պատասխանել են.

«Ձեր հարցմամբ հայցվող տեղեկատվությունը չի վերաբերում «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեությանը և, դրանով պայմանավորված, «Վալլեքս» խմբի հասարակայնության հետ կապերի բաժինը Ձեր հարցումը թողնում է առանց մեկնաբանության»:

1996թ-ից մինչև 2012թ-ը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն «Լալվար» ճամբարի գույքի և 8,6 հա հողի համար տարեկան 16 500 դրամ է վճարել Օձուն համայնքի բյուջե: «2012թ.-ից հետո 9 տարի 8,6 հա հողի հարկը և տույժերը Վ. Մեջլումյանը մեր համայնքի բյուջեին պարտք է մնացել»,- հայտնել է Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:

«Հետք»-ի հարցման պատասխանում Ա. Տիտանյանը նշել է, որ մինչև 2012թ-ը Օձունի «Լալվար» ճամբարի սեփականատերն էր «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն: 2012թ-ին ընկերությունը գույքահարկի գծով գերավճար ունի՝ 47 775 դրամի չափով, և հողի հարկի մասով պարտք է 41 274 դրամի չափով:

«Ըստ կադաստրի բազայի՝ 2014թ Օձունի «Լալվար» ճամբարի 8,6 հա հողատարածքի և գույքի սեփականատեր է ճանաչվել «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ -ն»,- հայտնել է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը:

«Վալլեքս Կապիտալ» ընկերությունը գրանցված է Արցախում։ Այս ընկերությունն էլ հիմնադրել է Վալերի Մեջլումյանը։ «Լալվար» մանկական ճամբարի ամբողջ տարածքն անտառածածկ է:

Տարածքում հատված ծառեր կան։ Ճամբարի շինությունները, սպորտային հրապարակները կիսաքանդ են։ Մանկական ճամբարի շենքերի հարևանությամբ գտնվում են քոթեջներ:

Խորհրդային տարիներին այստեղ իրենց ընտանիքներով հանգստանում էին պղնձաձուլական գործարանին աշխատակիցները։ Հաշվի առնելով, որ Մեջլումյանի ակտիվներն անցել են ՎՏԲ բանկին, պարզ չէ ճամբարի ճակատագիրը: