Հայաստանում քաղաքական ազատականացումը և վարչապետ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, նշված է անվանի Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում: Ըստ զեկույցի, Արցախը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Զեկույցում մասնավորապես նշված է, որ Արցախի տարածքում «ավելացել է մրցակցությունը և քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. Հարթակ է ստեղծվել 2020թ-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների: Ցավոք, Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել»:

Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկերի է հիշեցնում». Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում իշխող ուժերի ճնշումների արդյունքում պահպանեցին իշխանությունը, Ղազախստանի ղեկավարը փոխանցեց իշխանությունն իր ընտրած իրավահաջորդին, իսկ Մոլդովայում սկսված բարեփոխումները կանգ են առել: Եվրասիայի միակ դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրների ճանաչված Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հետ, նշում է Freedom House կազմակերպությունը:

Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, 2020թ-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում. հետընթաց են ապրել ոչ միայն ավտորիտար Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը, այլև ժողովրդավարության ավանդույթներ ունեցող մի շարք երկրներ: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթացն են ապրել Բուրունդին, Թուրքիան, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը, Տաջիկստանը և տասնյակից ավելի այլ երկրներ: Ազատությունների մակարդակով վատագույն վիճակում են Սիրիան, Էրիտրեան, Հարավային Սուդանը, Թուքմենստանը և Հյուսիսային Կորեան: