«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկմանն ասել է․

«Առաջարկվող Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններն իր մեջ ներառում են դատավորների վեթինգի գործընթացը:

Եղան ելույթներ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների բարեվարքությունը, հիմա հարց` հանձնաժողովը ստուգու՞մ է դատավորների բարեվարքությունը: Ո՛չ, որովհետև եղած դատավորների բարեվարքությունը չի ստուգել, այլ ստուգում է հայտարարագրերը, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ թվեր են: Գործող դատավորներ կան, գիտեք ինչ գումարներ են հայտարարագրել, Hetq.am-ում կան էդ նյութերը: Հիմա հանձնաժողովը հայտարարագրերը ստանալու է և չի կարող որևէ հարց դրանց վերաբերյալ տալ ու հետ գնալ»,- ասել է նա:

Մարուքյանի խոսքով` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապագա դատավորների թեկնածուների հայտարարագրերը նայելու է, տեսնի՝ ով որքան գույք ունի, և միայն այդքանը, ինչը չի կարող համարվել բարեվարքության ստուգում:

«Մենք խոսում էինք վեթինգի գործընթացի մասին, եղած դատավորների զտման, իսկ սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմի ներդրում է»,- ասել է Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով դատավորին կարելի է աշխատակարգային խախտման համար կարգապահական վարույթի մեջ ներառել, ինչպես` աշխատանքից ուշանալու համար, սակայն ինչ պետք է անել այն դեպքերի հետ, երբ դատավորը մինչ կեսգիշեր վճիռ է գրում, արդյոք դա նորմա՞լ է:

«Էս փաթեթը պետք է կտոր-կտոր բերվեր, կան բաներ, որոնց կողմ ենք, կան` դեմ ենք: Եթե ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք էր հնարավորինս քիչ միջամտություն իշխանության կողմից: էն որ հեղափոխությունից հետո ամեն օր ասում էիք` բոլոր դատավորները կոռումպացված են, վերջին լսումներին տեսնեմ, ասում են` դե մի տասը տոկոս դատավորներ կան, մաքրենք, սաղ կդզվի: Բա բոլոր դատավորներին ուր էիք անվանարկում, դրա համար ձեր խոսքին հետևեք»,- ասել է Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով` մի շարք առաջարկներ ունեն, եթե դրանք ընդունվեն, այն ժամանակ էլ հստակ կլինի՝ աջակցում են փաթեթին, թե ոչ;