Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է․

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մշակումը սկսվել է 2019թ-ի փետրվարից»։

Այդ ընթացքում անցել է է 7-8 միջազգային փորձաքննություն։ Օրենքով նախատեսվում է կատարելագործել ապօրինի գույքը տնտեսական շրջանառությունից հանելու գործիքակազմը։

«Նախատեսվում է բռնագանձել գույքը, որի նախատեսված էական ծավալները չի հիմնավորվում օրինական եկամուտի աղբյուրներով։ Այդպիսի գույքի վերաբերյալ կա ապօրինի ծագման կանխավարկածը, որը կարող է հերքվել միայն սեփականատիրոջ կողմից դրա ձեռքբերման օրինական հիմքերի ներկայացմամբ»,- հայտնել է նախարարը և տեղեկացրել, որ չհիմնավորված հարստացման բռնագանձման մեխանիզմ էլ է ներդրվում։

Ըստ նախարարի, լավագույն չափանիշներն են որդեգրվել նաև հանցավոր ակտիվների բռնագրավման մեխանիզմներում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մի քանի անգամ խնդրեց նախարարին հստակ պատասխանել իր հարցին, թե մինչև առաջարկվող նախագծի ուժի մեջ մտնելը, եթե անձը քրեական գործով չի անցել, ապա այն վերաբերելու է իրե՞ն, թե ոչ։

«Կարո՞ղ է մի օր ասեն, որ դու 25 միլիոնի տուն ունես, կասկածներ կան, որ այն ձեռք ես բերել բարեխղճորեն, արի ապացուցի, որ դու այն ձեռք չես բերել անօրինական ճանապարհով»,– հարցրեց պատգամավորը և նկատեց, որ հանրությունը մոլորության մեջ է, չգիտի թե ում կողքով և ինչպես է անցնելու այս նախագիծը։

Ռուստամ Բադասյանը փորձեց պատասխանել հնչած հարցին.

«Ունենք X պաշտանատար անձ, որը տարիներ շարունակ կաշառք է ստացել և գնել բնակարան։ Իմանալով, որ իր օրինական եկամուտներով չի հիմնավորի այդ բնակարանի ձեռքբերումը՝ բնակարանը ձևակերպել է օրինակ՝ զոքանչի անունով։ Եթե քրեական գործի նյութերով տեղեկություն լինի, որ տվյալ անձն ինչ-ինչ ճանապարհներով ձեռք է բերել տվյալ բնակարանը՝ պետությունը կկրի պատասխանատվության բեռ, եթե առանց հիմքերի զոքանչի անունով ձևակերպված գույքը ներառի այն գույքի կազմում, որը ենթակա է բռնագանձման։ Եթե պետությունն ապացուցի, որ զոքանչի անունով ձևակերպված գույքն իրականում չի պատկանում նրան, այլ պատկանում է տվյալ պաշտոնատար անձին, հետևաբար նա դրա սեփականատերը չէ։ Եթե այս ինստիտուտը չներդնեինք, էֆեկտիվություն չէր լինի»։

Գևորգ Պետրոսյանը բարձրաձայնել է, որ նախարարը չի պատասխանում իր հարցին ու կրկնեց.

«Պարտադի՞ր է, որ տվյալ պաշտոնատար անձը կապված լինի քրեական գործի հետ։ Հնարավո՞ր է, որ անձը նախկինում որևէ քրեական գործով չի անցել, բայց որոշել են իր գույքի օրինականությունը ճշտել»։

Նախարարը ժխտողական պատասխան տվեց։ Պետրոսյանի հարցին հաջորդեցին նույնաբովանդակ հարցեր, որոնք փաստեցին, որ հարցին լիարժեք պատասխան չի տրվել։

Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ այդ «ոչ»-ը պետք է իրավաբանորեն ամրագրվի, որպեսզի օրենքը հետագայում չօգտագործվեն քաղաքական նպատակներով։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ օրենքի հետադարձ ուժը կիրառվելու է մինչև նախորդ 10 տարիները և չի հասնի մինչև 90-ականների սեփականաշնորհման դեպքերին, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չլինի։