Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած քսան ընտանիքների հանձնեց բնակարանի գնման վկայականներ։

Ս.Պապիկյանի խոսքով, այս տարվա ընթացքում ընդհանուր 112 վկայագիր են հանձնելու քաղաքացիներին․

«Փուլերով է: Առաջիկա 112 շահառուների մեջ հիմնականում այն մարդիկ ենք, ովքեր գտնվում են վտանգի տակ, որ վաղը կարող է հայտնվեն առանց տանիքի. այն շենքերը, որտեղ բնակվում են, հիմնականում սեփական են, սեփականատիրոջ հետ պայմանավորվածության շարունակականությամբ է պայմանավորված նրանց այդտեղ մնալու հնարավորությունը։ 2020թ-ի բյուջեով նախատեսել են 2,1 միլիարդ դրամ 185 շահառուների համար»:

Այդ առումով, նրա խոսքով, 2020թ-ը շատ լավ տարի լինի Երևան քաղաքում բնակվող Ադրբեջանից բռնագաղթված մեր քաղաքացիների համար:

Վկայագիրը ենթադրում է այն ստանալուց մեկ տարվա ընթացքում քաղաքացին գտնի իր համար բնակարան և օգտագործի այն իր կարիքները հոգալու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ մեկ սենյականոց բնակարանի համար նախատեսված է 12 միլիոն դրամ, երկու սենյականոցի համար՝ 14,6 միլիոն, երեքի համար՝ 17,3 միլիոն դրամ:

«Հասկանում ենք, որ աստղաբաշխական գումարներ չեն, բայց դրանք գումարներ են, որոնք որոշ չափով կարող են բավարարել այդ կարիքներն ու առաջնային կարիքի լուծման համար օգտագործել»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2019թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարության որոշումների համաձայն՝ 1988-1992թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվելու է բնակարանի գնման վկայականներ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։