ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, նշել է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳՆ-ի հանդիպման մեջ որևէ արտառոց բան չկա»։

Պատգամավորը նշել էր՝ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և քննարկել որոշ հարցեր ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված.

«Արդյո՞ք մեր արտաքին գերատեսչությունը տեղյակ է եղել հանդիպման մասին, և եթե այո, ապա ինչի՞ մասին է խոսվել և ի՞նչ է քննարկվել»։

Նախարարը պատասխանել է, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդիպել անդամ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Ըստ Մնացականյանի, նրանք կատարում են իրենց գործառույթը։

«Մինսկի խմբի համանախագահների հետ մենք աշխատում ենք ամբողջական վստահությամբ, և գիտենq՝ ինչ մոտեցմամբ են նրանք աշխատում։ Այդ առումով որևէ արտառոց բան չկա»,- ասաց Մնացականյանը, ապա հավելեց՝ սա համանախագանհերի և Թուրքիայի ԱԳՆ-ի առաջին հանդիպումը չէ։

Մնացականյանի խոսքով, այս հանդիպումն այնքանով էր տարբերվում, որ դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը որևէ նոր միտք չէր պարունակում, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարությունը ևս հայտարարություն է տարածել։

«Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնահարցում որևէ դերակատարում ունենալ։ Սա մենք ասել ենք և կրկնում ենք։ Մենք շարունակում ենք աշխատել և ներկայացնել մեր մոտեցումներն ու նպատակը»,- մեկնաբանեց Մնացականյանը։

Արձագանքելով, Տարոն Սիմոնյանն ասաց, որ նախարարի պատասխանը շատ դիվանագիտական էր։ Պատգամավորն ասաց, որ Մնացականյանի հանգստությունը կկիսեր, եթե տարածաշրջանային այս իրադարձությունների բովում չլիներ հանդիպումը, և դա որպես արտաքին քաղաքականության ուղենիշ չնշմարվեր Թուրքիայի ԱԳՆ կողմից։

Հակադարձելով, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իր պատասխանը շատ հստակ էր, և վերահաստատեց իր խոսքը՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում որևէ դերակատարում չի կարող ունենալ։