Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պետական պաշտոն զբաղեցնելիս երբևէ ծրարով գումար չի ստացել:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասել է նախարար Գրիգորյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցադրմանը: Պատգամավորը հիշեցրել էր, որ Էրիկ Գրիգորյանը նախկինում ևս պետական պաշտոն է զբաղեցրել, արդյոք ծրարով գումա՞ր ստացել է, թե՝ ոչ:

«Ծրարով գումար երբևէ չեմ ստացել: Երբ աշխատել եմ նախարարությունում, մինչև 2011թ-ն եմ աշխատել, ունեմ 2010թ-ի հայտարարագիր, որտեղ նշված էր այն գումարները, որ ունեի: 2017թ-ին վերադարձա պետական համակարգ, կրկին ունեմ հայտարարագիր, որտեղ նշված է ինչքան գումար ունեմ»,- ասել է Էրիկ Գրիգորյանը` հավելելով, որ միջազգային կառույցներում աշխատելիս ծրարով գումար ստացել է:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ պետական համակարգ վերադառնալուց հետո իր աշխատավարձը մոտ տասն անգամ նվազել է:

«Ես ստանում էի մոտ հինգ միլիոն դրամ, հետո երևի 340 հազար դրամ»,- ասել է նա: