Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ օրենքի թիրախում են կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները: Այն թույլ է տալիս բռնագանձել նախագծով նախատեսված էական ծավալներով, այն է՝ 25 մլն դրամը գերազանցող գույքը, որի ձեռքբեումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

«Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է պատասխանող կողմից հերքվել` գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ»,- մանրամասնել էր նախարարը: