ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստի ընթացքում ասել է․

«Առաջարկում ենք մրգային օղիների արտադրության հարցում որոշակի հարկային նվազեցումներ մտցնել, ինչպես արվում է պահվող ալկոհոլային խմիչքների, օրինակ, կոնյակի արտադրության դեպքում»։

Նախարարը հայտնել է նաև, որ այսօր ալկոհոլային մի շարք խմիչքների բնական կորուստների նվազեցման նպատակով կան կարգավորումներ, որոնք չեն տարածվում մրգային օղիների վրա, որովհետև դրանք նախկինում տարածում չեն ունեցել։ Սակայն, վերջին շրջանում ակտիվություն է նկատվում նաև մրգային օղիների արտադրության հատվածում։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ալկոհոլային խմիչքների բնական կորուստները 3 տիպի՝ քիմիական, ֆիզիկական և բնակլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով են լինում։

Կառավարությունը ներկայացված նախագիծն ընդունել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ։