Օրենսդրական նոր կարգավորմամբ լրատվական գործունեություն իրականացնողները կարող են առանց պետական տուրք վճարելու ծանոթանալ պետական ռեգիստրում առկա տեղեկություններին։

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի՝ այսօր ԱԺ-ում ներկայացրած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծով այդ հարցն է լուծվում։

Ըստ նախարարի տեղակալի, լրատվամիջոցների համար նման հնարավորության ընձեռումը թելադրված է հետաքննող լրագրությանը նպաստելու և հանրությանն ավելի ճշգրիտ և համապարփակ լրատվություն տրամադրելու անհրաժեշտությամբ:

Օրենսդրական փաթեթում ընդգրկված «Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխություններով «զանգվածային լրատվության միջոց» եզրույթն ընդլայնվում է՝ ընդգրկելով նաև համացանցային կայքերի միջոցով լրատվական գործունեություն իրականացնողներին՝ քանի որ զանգվածային լրատվությունը իրականացվում է նաև համացանցային կայքերի միջոցով։