ՀՀ Զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով մի շարք ժամանակավոր միջոցառումներ են տարվում:

Ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ պաշտպանիչ բուժդիմակներով:

Նաև դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների և այլ շահառուների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը: Բացի այդ, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ու սպասարկման ուղեգրերի տրամադրումն իրականացվում է հսկիչ-անցագրային կետերից՝ բացառելով վերջիններիս մուտքը ստորաբաժանումներ:

ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ շարքային պարտադիր զինծառայողներին արձակուրդ է տրվում միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում) նախատեսված հիմքերի առկայությամբ: