Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ շփվել են երեք ժամ: Այնուհետև նրանց են միացել պատվիրակությունները: Այս մասին ria.ru-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք երեք ժամ խոսեցինք: Հիմա պատվիրակությունների հետ արդեն կես ժամ է հանդիպում է ընթանում», - ասել է նա:

Պուտինի և Էրդողանի հանդիպումը սկսվել է Կրեմլում՝ Մոսկվայի ժամանակով 14:06-ին: Նրանց հիմնական թեման սիրիական Իդլիբում տիրող լարված իրավիճակն է: Բանակցությունների սկսվելուց առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է «քննարկել» իր թուրք գործընկերոջ հետ ստեղծված իրավիճակը, որպեսզի նման բան այլևս չլինի, և ռուս-թուրքական հարաբերությունները չքանդվեն: Էրդողանը վստահություն է հայտնել, որ բանակցությունների արդյունքում Իդլիբում իրավիճակի մեղմացում կլինի:

Նշենք, որ Իդլիբում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փետրվար 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Կառավարական ուժերն էլ պատասխան հարված են հասցրել: Տեղի ունեցածի արդյունքում՝ զոհվել է 36 թուրք զինվոր, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: