ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պահանջում է իրավասու մարմիններից վերջինիս կրկնակի վիրահատության անհապաղ հնարավորություն տալ: Այդ մասին ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:

Կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում, քանի որ սկզբնական վիրահատությունը դեռևս 2018-ին իրականացվել է Գերմանիայում և իմպլանտ է տեղադրվել։

«Կրկնակի վիրահատության անհրաժեշտության մասին են փաստել նաև Գերմանիայի Համբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնի և Փարիզի ամերիկյան հոսպիտալի առաջատար բժիշկ-պրոֆեսորների կողմից իրականացված կոնսիլիումների արդյունքում»,- տեղեկացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր բժշիկները հաստատել են, որ վիրահատությունը պետք է կատարվի հնարավորինս շտապ, քանի որ դրա հապաղումը կարող է հանկարծակի և անդառնալի վնաս պատճառել Խաչատրյանի առողջությանը:

Փաստաբանական խումբն ահազանգում է, որ Խաչատրյանին մինչ օրս վիրահատվելու հնարավորություն չի տրվել. փոխարենը, մոտ 6 ամիս գտնվելով ՔԿՀ-ում, նա ընդամենը ցավազրկողներ է ստացել:

«Այս ամենի պատճառով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել, որի պատճառով նա գտնվում է «Աստղիկ» բուժկենտրոնում, որտեղ կոնսերվատիվ և վերականգնողական բուժում է ստանում, ինչը սակայն, ըստ բժիշկների, չի հանդիսանում հիվանդության հիմնական բուժում»,- ասվում է հայտարարության մեջ: