Երուսաղեմի քաղաքապետարանը ավելի քան 180 միլիոն դոլար կբռնագանձի քաղաքի քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես անշարժ գույքի հարկ: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Նիր Բարքաթը:

Եկեղեցիների առաջնորդները քաղաքային իշխանություններին մեղադրել են բազմամյա «ստատուս-քվոյի» խախտման մեջ և, ի նշան բողոքի, ուխտավորների և զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը՝ քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկը: «Եկեղեցիներին պատկանող առևտրային տարածքների պարտքերը գերազանցում են 650 միլիոն շեկելը (գրեթե 187 մլն դոլար):

Մենք այլևս Երուսաղեմի բնակիչներից չենք պահանջելու կրել այդ բեռը և դրամատրել այդ վիթխարի պարտքը»,- ասված է Բարքաթի հայտարարության մեջ, որը տարածել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Քաղաքային իշխանությունները քրիստոնեական եկեղեցիներից պահանջում են մունիցիպալ հարկեր վճարել ամբողջ անշարժ գույքի դիմաց, բացի անմիջականորեն եկեղեցիներից, և արդեն ձեռնամուխ են եղել հաշիվների կալանադրմանը՝ պահանջելով վճարել նաև նախորդ տարիների համար: