Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կշարունակի քննել դատավոր Աննա Դանիբեկյանը․ Նա մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը:

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել մարտի 3-ի դատական նիստի ընթացքում: Պաշտպաններից Հայկ Ալումյանը, հղում կատարելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցազրույցներից մեկին, նշել էր, որ Աննա Դանիբեկյանն իշխանությունների համար ցանկալի դատավոր է:

Մեկ այլ ինքնաբացարկի միջնորդություն էլ ներկայացրել էր Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը: Վերջինս նաև ամբաստանյալներ Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի պաշտպանն է, որոնք անցնում են այն գործով, որով դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է: Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի մեղադրանքի ձևակերպման մեջ նշվում է, որ նրանք ցանկացել են ազդել Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի կարծիքի վրա: