«Էրեբունի» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ ԲԿ-ի բժիշկներն Արցախում փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը: Այս մասին գրում է Հետք-ը։

Հիվանդն Արցախի հանրապետական բժշկական կենտրոն էր դիմել ինսուլտի ախտանշաններով՝ ձախ ձեռքի, ոտքի անշարժություն, դեմքի ձախ անկյունի ծռվածություն:

Տեղում անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ ինսուլտ:

Անմիջապես հրավիրվել է բժիշկների կոնսիլիում, նեղ-մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հիվանդի տվյալներն ուղարկվել է «Էրեբունի» ԲԿ: «Էրեբունի» ԲԿ ցերեբրովասլուլյար նյարդաբանության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանը անմիջապես արձագանքել է. հիվանդի կյանքը փրկելու և հաշմանդամությունից խուսափելու միակ միջոցը թրոմբի մեխանիկական հեռացումն է՝ թրոմբէկտոմիան, երկրորդ կարծիք լինել չի կարող: Եվ քանի որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր Հայաստան տեղափոխելու համար՝ «Էրեբունի» ԲԿ ղեկավարության հրահանգով Դավիթ Սահակյանն իր թիմի՝ բժիշկներ Ալեքս Պետրոսյանի և Դավիթ Մարգարյանի հետ մեկնեցին Արցախ: Թրոմբէկտոմիան կատարվեց Արցախի հանրապետական հիվանդանոցի անգիոգրաֆիկ բաժանմունքում:

Վիրահատության առաջին րոպեների ընթացքում հիվանդի մոտ նկատվեցին դրական փոփոխություններ, մասնավորապես, նա սկսեց շարժել ձեռքը և ոտքը:

Այժմ հիվանդը գտնվում է բուժկենտրոնում, նրա առողջական վիճակին հետևում են Արցախի մեր գործընկերները: Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: