Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ցեղակրոն Զաքարին» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկո՝ երգահան երգչուհի Անի Մարգարյանի նախաձեռնությամբ, ով ներկայացրեց նաև իր՝ «Ցեղակրոն Զաքարին» երգի պրեմիերան, որը նվիրված է ազատամարտիկ Զաքար Ավանեսյանի հիշատակին: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Ծնվել է 1970թ-ի մայիսի 13-ին Արցախի Հադրութի շրջանի Հասրութ քաղաքում, իրավաբանի ընտանիքում: 1977-1987թթ. բարձր առաջադիմությամբ սովորել է Երևանի Նար-Դոսի անվան №14 դպրոցում։ 1987-1989թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայությունից հետո ընդունվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Արցախյան պատերազմի սկզբին զինվորագրվել է Արցախյան ազատագրական շարժմանը։ Թեժ մարտերի օրերին Զաքարը մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ անհրաժեշտ բեռներ ու զինամթերք բերելու։ Հայտնվելով Ադրբեջանի հատուկջոկատայինների տեսադաշտում՝ 1990թ-ին Արթուր Մկրտչյանի աջակցությամբ վեց ընկերների հետ տեղափոխվել է Երևան։

Նա ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, սակայն դասերին հաճախելու փոխարեն կրկին մեկնել է Արցախ։ Այնտեղ նա զինվորագրվել է «Ցեղակրոն» կամավորական ջոկատին: Կռվել է ամենաթեժ կետերում (Շուշի, Կիչան, Բերդաձոր, Վաղուհաս, Արմենավան, Կրկժան)։

Մասնակցել է Մարտակերտի (Թալիշ, Մաղավուզ), Ասկերանի (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Զաքարը «Հայ ազգայնականների ճակատ» կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով ստեղծվել են մարտական ջոկատներ։ Մասնակցել է նաև զենք հայթայթելու, հետախուզական, քարտեզ գծելու աշխատանքներին, Մարաղայի կոտորածից հետո ապահովել է Արցախ ուղևորվող բարոնուհի Քերոլայն Քոքսի անվտանգությունը, մասնակցել է խորհրդարանի նիստերին, օգնել զոհված ազատամարտիկների հարազատներին:

Զոհվել է 1992թ-ի հունիսի 29-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում մղված թեժ մարտերի ժամանակ։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, Արցախի «Արիության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Այն դպրոցում, որտեղ սովորել է Զաքարը, նրա անվամբ կոչվել է դասասենյակ։ Նրա անունով է կոչվում նաև ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը:

Մարտի 4-ին հայրենասիրական գրական-երաժշտական երեկոն վարում էր ԵՊՀ լրագրության ֆակուլտետի շրջանավարտ, բազմաթիվ նախագծերի համակարգող Սիլվա Մալինցյանը: Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

ՀՀ բանակի գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), խոսեց սիրված հերոսի մարտական ուղու մասին:

Ռազմահայրենասիրական բանաստեղծաթյան ասմունքով հանդես եկավ ժամանակակից պոետ ազատամարտիկ Խաչիկ Մանուկյանը:

Զաքար Ավանեսյանի մայրը՝ Կարինե Ավանեսյանը, հետաքրքիր դրվագներ պատմեց նրա հերոսական ուղու մասին: Նրանց պատմությունները հավաքագրելով նա հրատարակել է «Զաքար՝ մեր օրերի Նժդեհ» գրքի առաջին մասը:

Միջոցառման վերջում «Ֆիդայի» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը Կարինե Ավանեսյանին՝ հերոսի մայրիկին հանձնեց որդու հետմահու շքանշանը:

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի