2018թ․-ի հունվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը կազմել է 207.4 մլրդ դրամ։

Հիպոթեկային վարկերի մեծ մասը՝ 172.7 մլրդ դրամ կամ 83%, անշարժ գույքի ձեռքբերման վարկերն են։ Անշարժ գույքի վերանորոգման հիպոթեկային վարկերի ծավալը կազմել է 26.5 մլրդ դրամ, կառուցապատման վարկերի ծավալը՝ 8.2 մլրդ դրամ։

2017թ․-ի դեկտեմբերի համեմատ՝ հիպոթեկային վարկերի ծավալը նվազել է 1,6 մլրդ դրամով կամ 0.8%-ով։ Իսկ 2017թ․-ի հունվարի համեմատ (12-ամսյա կտրվածքով) հիպոթեկային վարկերի ընդհանուր ծավալն աճել է 24.4 մլրդ դրամով կամ 13.3%-ով։

Այդ թվում՝ անշարժ գույքի ձեռբերման վարկերն աճել են 23.4 մլրդ դրամով կամ 15.7%-ով։ Վերանորոգման վարկերի ծավալը գրեթե չի փոխվել, իսկ կառուցապատման վարկերի ծավալն աճել է 9.5%-ով։

Նշենք նաև, որ աճը պայմանավորված է առավելապես դրամային հիպոթեկային վարկերի աճով։ Դրամային վարկերը 12-ամսյա կտրվածքով աճել են 22.5 մլրդ դրամով, իսկ արտարժույթով տրամադրված վարկերը՝ 1.9 մլրդ դրամով։

Արդյունքում՝ ՀՀ դրամով տրամադրված հիպոթեկային վարկերի կշիռն աճել է և հասել 53.3%-ի (111.1 մլրդ դրամ), իսկ արտարժութային վարկերինը՝ նվազել է մինչև 46.7%։