Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրում իրականացնել նաև Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում:

2019թ-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը: Դրա նպատակը 1988-1992թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումն է։

Արդեն սկսվել է առաջին փուլը՝ 112 ընտանիքների բնակարաններով ապահովումը: Այդ ընթացքում պարզվել է, որ կան անձինք, որոնց համար ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, ուստի՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռքբերել նաև այն դեպքում, երբ սկսել են ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը՝ պայմանով, որ կարող են օգտվել տրամադրված ԲԳՎ-ից միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում։

Հայաստանի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով արդեն իսկ նախատեսված է 2 միլիարդ 169 միլիոն 750 հազար դրամ ուղղել Միգրացիոն ծառայությանը բնակարանների գնման վկայագրերի տրամադրման նպատակով։