«BBC»-ն հայտնում է, որ իտալական իշխանությունները հայտարարել են երկրի հյուսիսային շրջաններում կարանտին հայտարարելու վերաբերյալ, որտեղ արագորեն տարածվում է կորոնավիրուսի համաճարակը։ Այդ շրջաններ մուտքը և ելքը փաստացիորեն կփակվի։ Կարանտինի գոտում հայտնվել է ավելի քան 16 միլիոն մարդ, որոնցից 10 միլիոնը միայն Լոմբարդիայի մարզում են։

Մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Կարանատինի ռեժիմն ամբողջությամբ տարածվելու է Լոմբարդիայի մարզի վրա, ինչպես նաև 14 այլ պրովինցիաների, որոնք գտնվում են երկրի այլ մարզերում։ Այդ պրովինցիաներ մուտքը հնարավոր կլինի միայն լուրջ հանգամանքների պարագայում, որոնք տարածվում են գործարար կամ ընտանեկան հարաբերությունների շրջանում։ Ամենայն հավանականությամբ, կարանտինի ռեժիմը չի վերացվի մինչև ապրիլի 3-ը։ Իտալական «Corriere della Sera» պարբերականը, որը ցանոթացել է հրամանագրի հետ, հայտնում է, որ կարանտինի մեջ գտնվող պրովինցիաների շարքում են Լոմբարդիայի մարզը՝ Միլան մարզկենտրոնով, Ռիմինի, Պարմա, Պյաչենցա, Ռեջո Էմիլիա, Մոդենա, Պեզարո է Ուրբինո, Վենետիկ, Պադուա, Ալեսանդրիա և Աստի պրովինցիաները։

Փակվել են պրովինցիաների դպրոցները, թանգարանները, լողավազանները և թատրոնները։ Բարերն ու սրճարանները կշարունակեն աշխատել, սակայն այնտեղ հաճախորդները միմյանցից կպահպանեն մեկ մետր հեռավորություն, հակառակ դեպքում դրանք նույնպես կփակվեն։ Բոլոր սպորտային և մշակութային իրադարձությունները կչեղարկվեն կամ կանցկացվեն առանց հանդիսատեսի։ Եկեղեցիները կշարունակեն բաց լինել, սակայն հոգևորականները պետք է ապահովեն մարդկային հոսքի բացակայությունը։ Քաղաքացիական և կրոնական արարողությունները, այդ թվում նաև թաղման արարողությունները, կդադարեցվեն։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանված կարգի չպահպանումը օրենքով պատժելի կլինի։ Կարգը չպահպանելու դեպքում անձը կդատապարտվի մինչև 3 ամիս ազատազրկման։

Վարչապետ Կոնտեն հայտարարել է, որ կարանտինի մասին հրամանագիրն ստորագրելվել է մարտի 8-ին։ Իշխանությունները կոչ են արել կարանտինի գոտում գտնվող քաղաքացիներին դուրս չգալ տներից։

Վերջին շաբաթներին Իտալիան դարձել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախ։ Երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 5990 դեպք, որոնցից 233-ը մահվան ելքով։ Ընդ որում, վերջին երկու օրվա ընթացքում մահացել է 50 մարդ։ Ըստ տնտեսական վերլուծաբանների՝ համաճարակը շատ թանկ է նստելու իտալական տնտեսության համար։ Երկում, մինչև կորոնավիրուսի տարածումը, մեծ էր ռեցեսիայի վտանգը, իսկ այժմ այն ավելի արագացել է, քանի որ կարանտինում գտնվող հյուսիսային շրջանները երկրի գործարար կենտրոնն են։ Մասնավորապես, Լոմբարդիայի մարզին է բաժին հասնում Իտալիայի ողջ ՀՆԱ-ի 22 %-ը։ Նախորդ շաբաթ, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով, իշխանությունները կրկնապատկվել են նախատեսված արտակարգ ծախսերի արժեքը՝ հասցնելով այն մինչև 7,5 միլիարդ եվրոյի։

Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսը տարածվել է Իտալիայից վերադարձած իրենց քաղաքացիների վարակման արդյունքում, որոնք իրենց հանգիստն էին անցկացնում այնտեղ։ Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակակիրների թիվը հասել է 106 482-ի, մահացածների թիվը՝ 3600-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 60366-ի։

Լուսանկարը՝ Reuters գործակալության