Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ի ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկացրել է նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նշանակվել է ստացիոնար բուժում։ Որոշակի բուժզննություններ, ստուգումներ պետք է անցնի պարոն Քոչարյանը, մի քանի օր, հավանաբար, ստացիոնար բուժման տակ կգտնվի», - ասել է փաստաբանը՝ չմանրամասնելով առողջական խնդիրները։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։