Ռուսական բազայի հրամանատարությունը խոչընդոտոտում է արդարադատության իրականացմանը․ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Մարտի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջուլիետա Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ 6-րդ անգամ նիստը հետաձգվել է։
Ըստ աղբյուրի, ամբաստանյալ, ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա. Ռազգիլդեևին դարձյալ դատարան չէին բերել: Ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը գրությամբ կրկին դատարանին տեղեկացրել էր, որ նախորդ՝ 2020թ-ի փետրվարի 4-ի նիստում արտահայտած դիրքորոշումն անփոփոխ է. իրենք Հայաստանից շարունակում են պահանջել անվտանգության գրավոր երաշխիքներ: Ի դեպ, նիստի չէր եկել նաև մեղադրող դատախազ Վ. Միրզոյանը։
Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը կարծիք է հայտնում, որ ռուսական կողմը, դատարան չներկայացնելով զինծառայողին, խոչընդոտում է արդարադատության ապահովմանը: Նա միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ձեռնարկելու միջոցներ, որ այսուհետ բացառվեն այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս առնչությամբ նաև հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։