ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» շարունակում է համալրվել գերժամանակակից բժշկական սարքերով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջից։

Կենտրոնի նոր ձեռքբերումը Leica PROvido նեյրովիրաբուժական մանրադիտակն է, որն արդեն տեղադրվել է վիրահատարաններից մեկում։

Մանրադիտակն ունի FusionOptics համակարգ, որը հնարավորություն է տալիս և խորությունը լավ տեսնել, և հստակությունը պահպանել։ Սարքը կիզակետը որոշում է լազերային փունջի օգնությամբ, ոտնակն էլեկտրամագնիսական է, ինչը թույլ է տալիս ցանկացած շարժումների ժամանակ սարքը պահել հավասարակշիռ վիճակում։

Նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի կարծիքով` նեյրովիրաբուժական մանրադիտակը հեշտացնում է վիրաբույժի գործը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։

«Ավելին, կան վիրահատություններ, որ հնարավոր է կատարել միայն մանրադիտակի օգնությամբ», - նշել է նա, հավելելով, որ նոր սարքը կիրառվելու է ցողունի, խորանիստ ուռուցքների, անոթների վիրահատությունների ժամանակ և կապահովի գոյացությունների ավելի լիարժեք հեռացում։