Արմավիրի մարզի Այգեշատ (Էջմիածնի նախկին տարածաշրջան) համայնքի սկզբնամասով է անցնում Քասախ գետը: Այն հատվածներում, որտեղ բնակելի տները մոտ են գետին կամ կան երթևեկելի ճանապարհներ, գետի ափն ու մերձակա տարածքը պատված է աղբով: Կենցաղային աղբի մի մասն էլ լցված է գետի մեջ, ու քանի որ ջուրը քիչ է՝ չի տարել, մնացել է հողի վրա:

Այգեշատի համայնքապետ Ռոբերտ Հովսեփյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, գյուղում կանոնավոր իրականացվում է աղբահանություն: Սակայն չեն կարողանում աղբը չնախատեսված վայրերում թափողների դեմն առնել:

«Երկու ամիս առաջ աղբը մաքրել եմ, նույնիսկ ցուցանակ եմ կախել, որ աղբ չթափեն: Մի քանի օրից նորից կմաքրեմ ու ցուցանակը կկախեմ: Ի՞նչ անեմ, ասա տեսնեմ: Ամեն կիրակի 4-5 ավտո աղբ ենք գյուղից տանում: Նույնիսկ հող եմ լցրել այդտեղ, որ աղբ չթափեն, բայց դե էլի խոզի պես բերում, թափում են»,- ասում է Այգեշատ համայնքի ղեկավար Ռ. Հովսեփյանը:

Համայնքապետը լսել է, որ նույնիսկ հարևան համայնքներից են աղբը բերում, գետի ափին թափում: Գետը ճանապարհին մոտ է, անցնելուց աղբը թափում, անցնում են:

Ռոբերտ Հովսեփյանը չգիտի, թե էլ ինչպես կարելի է պայքարել չթույլատրված վայրերում աղբ թափողների դեմ: Ասում է, որ նույնիսկ ցուցանակներ է փակցրել՝ «ով աղբ թափի, ամոթ իրեն» գրությունով և այլն, սակայն դա էլ չի օգնել:

Նշենք, որ շուտով կսկսվի ոռոգման սեզոնը, և Քասախ գետի ջրերով գյուղացիները ոռոգելու են իրենց դաշտերը: