Մարտի 9-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում և նախադպրցական հաստատություններում վերականգնվել է դասերի բնականոն ընթացքը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Արցախի ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ նախարարությունը իրականացրել է համապատասխան վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ բացակաների թիվը նվազել է:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտում բացակաների ընդհանուր թիվը կազմում է 18 %, Շահումյանի շրջանում՝ 11 %, Մարտակերտի շրջանում՝ 7,8 %, Հադրութի շրջանում՝ 9 %, Մարտունու շրջանում՝ 7,4 %. մասնակի խնդիր կա Խնուշինակի և Սարգսաշենի դպրոցներում:

«Այսօրվա դրությամբ մեծ թվով բացականեր կան Աշանի դպրոցում, որն այսօրվանից ժամանակավոր փակվել է: Կիրականացվեն աշխատանքներ, որի արդյունքում կկայացվի որոշում՝ կապված դասերը վերսկսելու հետ»,- տեղեկացրել է Գրիգորյանը:

Խոսելով նախադպրոցական հաստատությունների մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ որոշ խնդիրներ կան այդ ոլորտում. բացակայությունների թիվը գերազանցում է 30 %-ը:

«Այսօր կհավաքագրենք վերջնական տվյալները և որոշում կկայացնենք՝ անհրաժեշտության դեպքում պարապմունքների մասնակի դադարեցումներ կլինեն: պետք է ասեմ, որ, ընդհանուր առմամբ, դրական միտումներն ակնհայտ են. կրթական հաստատություններ հաճախող հիվանդների թիվը նվազել է: Մենք համագործակցում ենք Արցախի առողջապահության նախարարության հետ՝ իրականացնելով մի շարք սուր շնչառական վարակների դեմ պայքարի, կանխարգելման և ախտահանման միջոցառումներ»,- մասնավորապես ասել է ԿԳՄՍ աշխատակազմի ղեկավարը: