Նավթի գնի կտրուկ անկումը կարող է անուղղակիորեն ու շղթայաբար բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա: Հարվածն առաջինը կկրեն Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերը, նրանց ընտանիքներն ու Ռուսաստան ապրանք արտահանողները: Թե ի՞նչ չափով կարող են բացասական ազդակները հասնել Հայաստան, կախված է ինչպես նավթի գնի վրա որոշիչ ազդեցություն ունեցող Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) վարքագծից, այնպես էլ՝ մեր տնտեսության դիմակայունությունից:

Նավթի գնի անկումը․

Ասիական շուկաներում այսօր նավթի գինը նվազել է 31%-ով։ Պատճառն այն է, որ նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) ու Ռուսաստանը չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ: Սրանից հետո նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին, որն էլ հանգեցրել է գնանկման: Bloomberg գործակալության վերլուծաբանները նշում են, որ սա նավթի ամենակտրուկ անկումն է 1991թ-ից հետո: Իսկ այս ամենը սկսվել է կորոնավիրուսի տարածման հետևանքով համաշխարհային շուկայում նավթի ավելցուկի առաջացումից:

ՕՊԵԿ-ն առաջարկում էր օրական 1.5 մլն բարելով կրճատել նավթի արդյունահանումը մինչև այս տարվա ավարտը: Սակայն Ռուսաստանը դեմ է արտահայտվել այս առաջարկին:

Ռուբլին ևս անկում է ապրել

Նավթի համաշխարհային գնի անկումից հետո դոլարի փոխարժեքը միջազգային արժութային շուկայում մոտեցել է 73-74 ռուբլու սահմանին: Համեմատության համար՝ նախորդ ուրբաթ Մոսկվայի բորսայում այն կազմել է 68.5 ռուբլի:

Ռուսաստանի տնտեսության ու երկրի պետական բյուջեի վրա նավթի գինն այսօր զգալի բացասական ազդեցություն է թողնում, քանի որ Ռուսաստանը մեծ եկամուտներ է ստանում նավթի արտահանումից:

Fitch-ի (միջազգային վարկանիշային կազմակերպություն) մասնագետները հայտարարել են, որ նավթի գնի անկումը՝ մինչև 30 դոլար մեկ բարելի դիմաց, Ռուսաստանում կարող է բյուջեի դեֆիցիտի և արժեզրկման հանգեցնել:

Սակայն, ի պատասխան այս պնդումների, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարել է, որ նավթի գնի մինչև 25 դոլարի մակարդակում Ռուսաստանը կկարողանա պահպանել բյուջեն: Նշվել է, որ երկրի միջոցները թույլ կտան փակել նավթի գնանկումից ստացվող կորուստները: Եվ այդ միջոցները, ամենահոռետեսական սցենարի դեպքում, կբավարարեն Ռուսաստանին 6-10 տարի:

Ռուսաստանից տրանսֆերտները, Հայաստանի տնտեսությունն ու «դառը փորձը»․

Ինչպես բազմիցս գրել ենք, Ռուսաստանից դեպի Հայաստան մշտապես էական գումարներ են փոխանցվում բանկերի միջոցով: Դրանք հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների ուղարկած գումարներն են: Երբ համաշխարհային շուկայում նավթի գինը նվազում է, թուլանում է Ռուսաստանի տնտեսությունը, պակասում դոլարի քանակն ու արժեզրկվում ռուբլին։ Իսկ այնտեղ ապրող հայաստանցիներն էլ, փաստորեն, հարազատներին ուղարկում են արժեզրկված ռուբլի։ Բացի այդ, նրանք տնտեսական վատ վիճակի պատճառով հաճախ ուշ են ստանում իրենց աշխատավարձերը, խնդիրներ են ունենում՝ նոր աշխատանքի անցնելու և այլն: Նավթի գնանկումը համաշխարհային շուկայում Հայաստան է հասնում հենց այդ շղթայով: Հայաստանում առաջին հերթին տուժում են արտագնա աշխատանքի մեկնածների ընտանիքները: Նվազում է նրանց գնողունակությունը, պակասում է առևտրաշրջանառությունը, որն էլ ազդում է ամբողջ տնտեսության վրա:

Վերջին տարիներին Հայաստանը նման «դառը փորձ» ունեցավ 2015-2016թթ-ին, երբ նավթի համաշխարհային գինը նվազել էր ու հանգեցրել ռուբլու թուլացմանը:

Դա շղթայաբար հանգեցրեց նրան, որ 2015թ-ին բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվեցին շուրջ կես միլիարդ դոլարով կամ 23%-ով:

2015թ-ին ընդհանուր առմամբ Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 632 մլն դոլարին համարժեք գումար, որից 1 մլրդ դոլարը՝ Ռուսաստանից. 2014թ-ի համեմատ այն կրճատվել է մոտ 550 մլն դոլարով: Այդ անկումը շարունակվեց նաև 2016թ-ին:

Դրամական փոխանցումների կրճատումն ազդում է թե՛ տնտեսական ատիվության, թե՛ երկրում ընդհանուր գնողունակության վրա։ Նման տեսանելի անկում եղել է նաև 2009թ-ին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ:

Հայաստանը, միևնույն ժամանակ, նաև մեծ ծավալի գումարներ է փոխանցում արտասահման, և նախորդ տարի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել:

  • 2019թ-ին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվել արտասահման

Արդյո՞ք այսօր ազդեցությունն այնքան ուժեղ կլինի, որքան 2015թ-ին

Տնտեսագետներն ու վերլուծաբանները տարակարծիք են, թե ի՞նչ չափով Հայաստանի տնտեսությունն այսօր կզգա ռուբլու արժեզրկման հետևանքները: Նախևառաջ պետք է նշել, որ այդ հետևանքները միայն տրանսֆերտների՝ դրամական փոխանցումների ոլորտում չեն երևալու, այլև՝ արտահանման, ներքին առևտրաշրջանառության և այլն:

Տրանսֆերտների ոլորտում ազդեցությունը, գուցե, այնքան մեծ չլինի, որքան 2015թ-ին էր, քանի որ այսօր մեր տնտեսությունը ավելի քիչ է կախված տրանսֆերտներից, որքան այդ թվականին էր: Եթե 2015թ-ին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների կշիռը Հայաստանի համախառն ներքի արդյունքի նկատմամբ կազմել է 15.5%, ապա 2019թ-ին՝ 14.3%: Հետք-ն իր հաշվարկների համար հիմք է ընդունել ինչպես ԿԲ-ի, այնպես էլ՝ ՀՆԱ-ի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի տվյալները:

«Վերջին երկու տարին մեր տնտեսության կառուցվածքն էականորեն փոխվել է, Ռուսատանի նավթ-դրամական փոխանցումներ կապն էականորեն թուլացել է։ Նաև, թեպետ նավթային երկիր չենք, այնուամենայնիվ, մեր ԿԲ-ն անցյալ տարի նպատակային մեծացրել է ռեզերվները՝ թույլ չտալով դրամի անիմաստ արժևորում»,- անդրադառնալով թեմային՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն էլ կարծում է, որ ռուբլու թուլացումը շոշափելիորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա, եթե Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ը ուշ գան համաձայնության: Նա կարծում է, որ նավթի այս գնանկումը ժամանակավոր բնույթ ունի, քանի որ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ ՕՊԵԿ-ին սա ձեռնտու չէ:

«Կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի շուտ ռազմավարական քայլ է արել բանակցություններից առաջ՝ ցույց տալու, որ իր դիրքերն ուժեղ են: Կորոնավիրուսի ազդեցությամբ առաջացած իրավիճակում նավթի արդյունահանումը պետք է կրճատեին, որպեսզի գները նույն մակարդակում մնային, բայց Ռուսաստանը հրաժարվել է կրճատել: Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ը երբ կգան համաձայնության»,- Հետք-ի հետ զրույցում նշել է տնտեսագետը։

Բացասական հետևանքներ, ըստ նրա, կարող են զգալ նաեւ դեպի Ռուսաստան ապրանք արտահանողները։

«Մեր մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման հարցում կարող են խնդիրներ առաջանալ, որի հիմնական մասնաբաժինը գնում է Ռուսաստան: Այնտեղ գների բարձրացումը մեր արտահանողների մրցակցային դիրքերը կթուլացնի։ Առհասարակ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանում որոշ սպառողների գնողունակությունը կընկնի, և նրանք չեն կարողանա մեր արտահանած ապրանքները գնել, մյուս կողմից էլ՝ մենք չենք կարողանա համապատասխան ցածր գին առաջարկել: Եվ մեր արտահանողների վաճառքները կսկսեն կրճատվել: Սա բացասաբար կազդի նաև մեր տեղի ձեռնարկությունների վրա»,- նշել է տնտեսագետը։

Ինչ վերաբերում է նավթի գնանկման հետևանքով Հայաստանում բենզինի գնի նվազման հավանականությանը, ապա, դատելով ներկա իրավիճակից, այն բավականին փոքր է: Նավթի գնանկման ազդեցությունը Հայասանում վաճառվող բենզինի վրա այսքան շուտ չի արտացոլվում: Իսկ հիմնականում՝ առհասարակ չի արտացոլվում:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ այսօր 1 ռուբլու միջին փոխարժեքը 6.51 դրամ է, նախորդ ուրբաթ՝ մարտի 6-ին, այն կազմել է 7.04: Տարվա սկզբում 1 ռուբլին արժեցել է 7.75 դրամ: