Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ Ադրբեջանում չեղարկել են Նովրուզի տոնական միջոցառումները: Այդ մասին հայտարարել է այդ երկրի Կառավարությանը կից գործող Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:

«Հաշվի առնելով խորհրդակցությունները մասնագետների և ԱՀԿ հանձնարարականները` օպերատիվ շտաբը հորդորում է կազմակերպություններին առաջիկայում չանցկացնել զանգվածային միջոցառումներ՝ հետաձգելով դրանք»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի կառավարությունը նաև կոչ է արել հետաձգել առաջիկա ամիսներին նախատեսվող հարսանիքները: Խորհուրդ չի տրվում նաև զանգվածային սգո միջոցառումներ անցկացնել:

«Վիրուսի տարածումը կանխելու համար կոչ ենք անում քաղաքացիներին հեռու մնալ մարդկանց կուտակումներից, փակ տարածքներից և պահպանել կանխարգելիչ միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ: