Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ryanair բյուջետային ավիաընկերությունը կասեցրել է դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը, հայտնել են ավիաընկերությունից։ Այս մասին գրում է The Journal-ը։

Մարտի 11-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն բոլոր ներքին չվերթներն Իտալիայում: Մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն դեպի Իտալիա բոլոր միջազգային չվերթերը:

Նշվում է, որ բոլոր ուղևորներն էլեկտրոնային նամակով ծանուցումներ են ստացել՝ իրենց թռիչքների դադարեցման մասին: Ուղևորները, որոնք իրենց երկրներ են ցանկանում վերադառնալ, մինչև մարտի 13-ը կարող են թռչել համապատասխան չվերթերով:

Տուժած ուղևորները կկարողանան ամբողջական փոխհատուցում ստանալ կամ «ճանապարհորդական կրեդիտ»՝ Ryanair-ի թռիչքներից առաջիկա 12 ամսում օգտվելու համար: