Ազգային անվտանգության ծառայությունը ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց պարտավորվել է կազմակերպել ձեռնարկատիրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը, և դրա համար նախնական համաձայնության է եկել իր ծանոթներից մեկի հետ և խոստացել, որ վարձատրության կեսը կհատկացնի սպանությունը կատարելուց հետո՝ սպանությունը կատարելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող՝ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար ընթացիկ ծախսերի համար։

Կազմակերպչի ցուցումով և նրա անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ կատարողը, վերահսկելով ապագա զոհի տեղաշարժը, 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակել է զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ստացված պատվերն ավարտին հասցնելու նպատակով՝ կազմակերպիչը ցուցում է տվել շարունակել վերահսկել տուժողի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում վերջինիս սպանել։

Բացի դրանից, նպատակադրվելով սպանել նաև ՀՀ 5 քաղաքացու, պատվիրատուն հանձնարարել է վերահսկել նաև այդ անձանց տեղաշարժը՝ այդ գործընթացին ներգրավելով նաև իր մյուս ծանոթին՝ պատվերով սպանության իրականացման առավել հարմար պայմանների և ժամանակի ընտրությունը թողնելով իր հայեցողությանը։ Հիշյալ անձանց տեղաշարժը վերահսկելու, սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու նպատակով կազմակերպիչը կատարողի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, տրամադրել է տրանսպորտային միջոց, քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պիտույքներ, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել և տվել «ՏՏ» տեսակի ատրճանակ, խլացուցիչով ու նշանոցով ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ և դրանց տրամաչափի փամփուշտներ, որոնք մինչև 2020 թ. փետրվարի վերջը նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վարձակալած բնակարանում։ Սպանությունների նախապատրաստման փուլում կազմակերպիչն իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով ՌԴ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ երկու անգամ հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։

Թիրախավորված անձանց դիակները նախապատրաստվող սպանությունից հետո հուղարկավորելու և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, կազմակերպիչը կատարողի հետ քննարկել և ընտրել է համապատասխան վայրեր ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, սակայն հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նրա գործողությունները խափանվել են ԱԱԾ գործողությունների արդյունքում։

Ըստ տարածված հաղորդագրության՝ առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սպանություններ նախապատրաստող 2 անձինք վնասազերծվել և ձերբակալվել են։ Կատարվել են քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, անհերքելի ապացույցների համակցությամբ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։