«Առաջին լրատվական»-ի եթերում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին օրերին քննարկվում և մտահոգություն է արտահայտվում՝ կապված ընտրական հանձնաժողովներում նախկին իշխանությունների կողմից նշանակված անձանց ներգրավման հետ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է.

«Նախ, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս են ձևավորվում տեղամասային ընտրական հանձնաժողովները: Մենք ունենք 2008 տեղամաս, հետևաբար գործելու է 2008 ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահների և քարտուղարների տեղերը տեղաբաշխված են ԱՅՈ և ՈՉ քարոզչության կողմերի միջև, յուրաքանչյուր կողմից ներգրավված է 2 ներկայացուցիչ: Մյուս 3 տեղերը զբաղեցնում են տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները. գործում է կանոն, ըստ որի՝ հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել այն անձը, որը մասնակցել է մասնագիտական դասընթացների կամ ստուգարքի և ստացել որակավորման վկայական: Երբ արդեն որոշվեց հանրաքվե անցկացնել և կողմերը գրանցվեցին, չնայած որ ժամկետները բավականին սեղմ էին, կազմակերպեցինք երկօրյա լրացուցիչ ստուգարք:

Հանձնաժողովականների մեջ, իհարկե, կան մարդիկ, որոնք աշխատել են նախկինում, այդ թվում՝ նաև 2018թ-ին, բայց տարօրինակ է, որ այդ ժամանակ այդ հարցը չի բարձրացվել: Երկրորդ՝ եթե որևէ հանձնաժողովական մասնակցել է ընտրական գործընթացին և թույլ է տվել ընտրակեղծարարություն, իսկ ընտրակեղծարարությունը հանցագործություն է, հետևաբար, այդ անձը պետք է սահմանված կարգով ստացած լիներ պատիժ, և եթե որևէ հոդվածով ունենար դատվածություն և այլն, դա արդեն խոչընդոտ կլիներ, որ նա ընդգրկվեր հանձնաժողովում: Այս կամ այն քաղաքական ուժի կողմից նախկինում տարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված լինելը մեխանիկորեն չի կարող դատողությունների հիմք հանդիսանալ»:

ԿԸՀ նախագահը նաև ընդգծել է, որ հանրաքվեի առանձնահատկություններից է այն, որ հանրաքվեի ժամանակ տեղական դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն ոչ միայն ՀԿ-ները, այլ նաև ՀՀ -ում գրանցված կուսակցությունները: