Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կորոնավիրուսի փոթորիկը մտել է Եվրոպա՝ չխնայելով անգամ բարձր պաշտոնյաներին.

- Լեհաստանի ԶՈՒ գլխավոր հրամանատար Յարոսլավ Միկան, վերադառնալով Գերմանիայում տեղի ունեցած զինվորական համաժողովից, պարզել է, որ վարակված է կորոնավիրուսով։
- Գերմանիայում անցկացված համաժողովին մասնակցել են տասնյակից ավելի երկրների պաշտոնյաներ։ Նրանք բոլորը ռիսկի խմբում են։
- Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզը վստահ է, որ վարակված է կորոնավիրուսով և ինքնակամ մտել է կարանտինի մեջ։
- Ռուսական РБК-ի հաղորդմամբ՝ հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը ևս վարակվել է կորոնավիրուսով և ծանր վիճակում է։
- Իրանի նախագահի օգնական Մասումե Էբտեկարը և առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ևս վարակվել են կորոնավիրուսով։
- Ադրբեջանը չեղարկել է իրենց համար գերկարևոր Նովրուզի տոնակատարությունը արագ աճող կորոնավիրուսի պատճառով։
- Վրաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի 15-րդ դեպքը։
- ՆԱՏՕ-ի հանդիպումների ժամանակ երկրների ղեկավարները գերադասում են միմյանց ձեռքով չդիպչել՝ այլևս չվստահելով այլոց հիգիենային։
- Թուրքիայում վարակվածների թիվը գերազանցում է 500-ը, առողջապահության նախարարը թեև մի քանի օր առաջ հաստատեց նաև մահվան դեպքերը, սակայն պաշտոնական Անկարան լռում է՝ զգուշանալով հասարակական դժգոհության ալիքից։ Վստահ եմ, որ առաջիկա օրերին Եվրոպայի նման Թուրքիայում էլ անկառավարելի թվեր կլինեն կորոնավիրուսովի հաստատման մասին։

- Դե իսկ Հայաստանում բոլորը հանգիստ են։ Թեև չեմ կասկածում, որ պետական և մասնագիտական մարմինները զբաղվում են, բայց խիստ կասկածելի է մեր երկրի նկատմամբ կորոնավիրուսի հետաքրքրության բացակայությունը։ Դրանում ես 2 խնդիր եմ տեսնում.

1. Հայաստան մուտք ու ելքը այնքան ցածր մակարդակի վրա է, որ անհավանական է դառնում արտաքին վիրուսակիրների միջոցով դրա տարածումը։
2. Մենք չենք ստանում իրական տեղեկություններ Հայաստանում կորոնավիրուսի մասին»։