Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով 1-2 տարով հետաձգելն «առավել ընդունելի տարբերակը» կարող է լինել, հայտարարել է Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի անդամ Հարույուկի Տակահասին:

Ըստ նրա՝ ֆինանսական վնասը խաղերի չեղարկումից կամ առանց հանդիսատեսի անցկացնելուց չափազանց մեծ կլինի, իսկ 1 տարուց պակաս հետաձգելու դեպքում դա կարող է հակասել մյուս մեծ մարզային մրցումների ժամանակացույցին: Ճապոնիայի ԱՕԿ-ը նոր է սկսել քննարկել հնարավոր սցենարները, քանի որ ԱՕԿ նախագահության վերջին նիստը 2019թ-ի դեկտեմբերին էր, երբ համաճարակն այդքան չէր տարածվել, գրում է Deutsche Welle-ն:

Ճապոնիայի կառավարությունը բացասաբար է արձագանքել Տակահասիի հայտարարությանը:

«Չեղարկումը կամ հետաձգումն ուղղակի անիմաստ են, մենք չենք քննարկում նման հարց»,- ասել է խաղերի նախապատրաստման պատասխանատու նախարար Սեյկու Հասիմոտոն:

Միջազգային օլիմպիական կոմիտեն իր տեսակետը դեռ չի հայտնել: