Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել պաշտպանության կողմի բողոքը և մերժել քննիչի միջնորդությունը՝ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին։ Դատարանի որոշման մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Դատարանը որոշեց, որ պարոն Թավադյանը պետք է ազատ արձակվի։ Հիմա մենք կգնանք Կենտրոն ՔԿՀ, ժամերի ընթացքում գուցե պարոն Թավադյանը կլինի ազատության մեջ։ Դատավոր Ազարյանը կարճ մեկնաբանեց որոշումը, որպես հիմնավորում ասաց՝ պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք դեռ չեն ստացել որոշումը։

Խուդոյանի խոսքով, այդ որոշումը հիմնավորում է իրենց այն պնդումները, որ Թավադյանն ամիսներ շարունակ ապօրինի կերպով է գտնվել անազատության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը Թավադյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Ահա այս որոշումն են բողոքարկել փաստաբանները՝ այն որակելով ոչ հիմնավոր ու անօրինական։ Նրանք նշում էին, որ Թավադյանին ներկայացված մեղադրանքը պատշաճ նկարագրված չէ, բացի այդ, քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկը բավարար նվազ է։

Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: