ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին․

«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք:

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։

Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:

Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։

Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու՞ Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել:

Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաև եվրոպական այլ երկրներում։

Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։

Նշեմ, որ «Գոլդեն փելեսի» ժողովուրդը և առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն և պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները։

Ուշադրություն դարձրեք, որ այս երեք դեպքերը նույնպես Հայաստանում վարակվելու դեպքեր չեն, այլ արտերկրում տեղի ունեցած վարակվածություններ»։