Այս տարի լրանում է Հայաստանի դաշնակից կազմակերպություններից մեկի՝Ֆրանկոֆոնիայի ստեղծման 50 ամյակը:

Ֆրանկոֆոնիան միջազգային կազմակերպություն է` հիմնադրված 1970թ-ին, որպես ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման հաստատություն: Ֆրանսերենով կազմակերպության ամբողջական անունն է` Organisation Internationale de la Francophonie: Նրանում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ: Որոշում կայացնող քաղաքական մարմինը ֆրանսախոս երկրների և կառավարության ղեկավարների համաժողովն է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Բացի ֆրանսերենի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության տարածումը խրախուսելը, կազմակերպության գլխավոր առաքելությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթության խթանմանը, ինչպես նաև մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը և անդամ երկրների միջև համերաշխության տարածմանը նպաստելն է: Կազմակերպության կարգախոսն է «Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն»:

Ֆրանկոֆոնիա տերմինն առաջին անգամ գործածվել է 1880թ-ին՝ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ղեկլուսի կողմից, ով նպատակ ուներ մատնանշել այն աշխարհագրական տարածքները, որտեղ խոսում են ֆրանսերենով: Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003թ-ից, երբ Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք բերեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ:

2008թ-ին Հայաստանը դարձավ ասոցիացիայի անդամ, իսկ 2012թ-ին` լիիրավ անդամ: 2018թ-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն անցկացվեց Հայաստանում: 2020թ-ին լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 50-ամյակը, ինչի առթիվ շնորհավորում ենք կազմակերպությանը:

Մենք բարձր ենք գնահատում և ուրախ ենք, որ ՀՀ-ն նույնպես անդամ երկրների շարքում է: Մաղթում ենք բեղուն գործունեություն ֆրանկոֆոն աշխարհի անդամ բոլոր երկրներին:

Հայաստանում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Այս առիթով Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մարտի 10-ից ապրիլի 20-ը տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեցին ֆրանսիական գրականությանը և մշակույթին նվիրված թեմատիկ ցուցահանդեսներ, այդ թվում Անտուան դը սենտ Էքզյուպերիին և Էմիլ Զոլային նվիրված հոբելյանական ցուցահանդեսները, ինչպես նաև տեղի ունեցավ դասախոսություն ու տեսանյութի ցուցադրություն, գրադարանի աշխատակազմին ծանոթացնելու այս հիշարժան օրվա ու կառույցի պատմության և գործունեության հետ: Այն անցկացրեց Նարինե Ավագյանը:

Դասախոսության վերջում նա պատասխանեց ունկնդիրներին հուզող հարցերին:

Ֆրանկաֆոնիայի օրեր ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ ինչպես գրադարանում, այնպես էլ դրա մասնաճյուղերում: Միջոցառումների շրջանակում տեղի են ունենալու Ֆիլմերի ցուցադրություններ ու քննարկումներ, մասնավորապես՝ Մայրիկ՝ նվիրված Անրի Վերնոյի ծննդյան 100 ամյակին, Սիրելի բարեկամ՝ նվիրված Գի դը Մոպասանի ծննդյան 170 ամյակին, ինչպես նաև գիտահանրամատչելի կինոնկարների դիտում, գրքերի քննարկում՝ նվիրված Էմիլ Զոլյայի ծննդյան 180 ամյակին: Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանները կամ մշակութային կցորդները կարդալու են հեքիաթներ, լինելու է տեսակապ Ֆրանսիայի Օբան քաղաքի գրադարանի հետ, շրջայց սիրված գրքօջախում ու նրա մասնաճյուղերում:

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի