ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված կտրուկ սահմանափակում է ուղևորափոխադրումները եվրոպական 26 երկրներից դեպի ԱՄՆ:
Թրամփն Օվալ օֆիսից ազգին ուղղված ուղերձում ասել է, որ ճանապարհորդության սահմանափակումը կսկսվի վաղվանից ու կտևի 1 ամիս։ Այս մասին գրում է euronews-ը։

Թրամփը Եվրոպային մեղադրել է այն բանի համար, որ բավական արագ չեն գործում «օտար վիրուսի» հարցը լուծելու համար և պնդել, որ իրենք բոլոր քայլերն արել են Չինաստանի նկատմամբ՝ վաղ գործողություններով, իսկ այժմ պետք է նույն գործողությունները ձեռնարկեն Եվրոպայի հետ:

Թրամփն ասել է, որ սահմանափակումները չեն տարածվելու Միացյալ Թագավորության վրա, և կլինեն բացառություններ «ամերիկացիների համար, ովքեր անցել են համապատասխան ստուգումներ»:

Պետդեպարտամենտը հետևել է Թրամփի դիտողություններին՝ տարածելով արտակարգ առողջապահական խորհրդատվություն՝ զգուշացնելով ԱՄՆ քաղաքացիներին՝ «վերանայել ճանապարհորդություններն արտասահման»։