Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ։

Ներկայացնում եմ 2020թ. փետրվարի 20-ին «Սասնա Ծռեր» համահայկական շարժման հրապարակած՝ Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման խոչընդոտները վերացնելու Ճանապարհային քարտեզում նախատեսված հիմնական քայլերը:

1) Ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել Ստեփանակերտի քրեաօլիգարխիկ ռեժիմին:

2) Ձևավորել Ժամանակավոր կառավարություն:

3) Ժամանակավոր կառավարությանը 6-ամսյա ժամկետով վերապահել գործող Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի նախագահին, Ազգային ժողովին և Կառավարությանը վերապահված լիազորությունները, որպեսզի նա այդ ընթացքում ՀՀ իշխանության հետ միասին՝ վերջինիս համակարգմամբ, մշակի և իրականացնի Արցախը ՀՀ-ին դե յուրե միացման խոչընդոտների վերացման միջոցառումներ՝ առաջին հերթին կատարելով հետևյալը.

• Վերացնել միացման առաջնային խոչընդոտները (մաքսակետեր, ռոումինգ, ինտերնետ կապի սակագներ և այլն),
• Վերականգնել ՀՀ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար Արցախի տարածքում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը,
• Արցախի տարածքի վրա տարածել ՀՀ Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի (բացի համայնքային իրավական ակտերից) գործողությունը, ինչպես նաև չեղյալ համարել Արցախի Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը,
• ՀՀ բոլոր իրավական ակտերը համապատասխանեցնել Արցախի նկատմամբ ՀՀ լիակատար իրավազորության վիճակին,
• Վերացնել Արցախի նախագահի, Ազգային ժողովի և կառավարության ինստիտուտները և Արցախի տարածքում կառավարության փոխարեն ստեղծել մարզպետի ինստիտուտ ու մարզպետարան և նշանակել մարզպետ,
• ՀՀ պետական կառավարման համապատասխան ենթահամակարգերի մեջ ինտեգրել Արցախի տարածքում գործող պետական կառավարման մարմինները և վավերականացված համարել Արցախի տարածքում հաշվառված բոլոր քաղաքացիների իրավունքներն ու արտոնությունները:

Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ՝ մենք ջանքեր ենք գործադրում այս գործընթացը հզորացնելու և հաղթանակի հասցնելու համար:

Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության:

Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը»: