Մարտի 15-ին Իտալիայից վերադարձող քաղաքացիները 14-օրյա կարանտին կուղարկվեն: Նման որոշում է կայացվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Կառավարությունում անցկաված ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում։

Քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ տարբերակներ առաջարկել տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

«Կարծում եմ՝ պետք է անդրադառնանք որոշակի պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը, հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել տնային մեկուսացման մեջ գտնվող անձանց փաստացի մեկուսացման արդյունավետությունը: Նույնիսկ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու կարանտինային գոտում պահել, և դա ֆիզիկապես անհնար է: Բայց տնային մեկուսացման մեջ գտնվողների վերահսկողությունն իրականացնելու համար, կարծում եմ, պետք է որոշումներ կայացնենք», - ասել է Ավինյանը։

Փոխվարչապետը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները: