«Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ պետք է քրեական գործ հարուցվի: Այս մասին փետրվարի 26-ին «Անպատասխանատու լեռնահանքային արդյունաբերություն. Ո՞վ է կանխի թեղուտյան աղետը և կվերականգնի ոչնչացված բնությունը» քննարկման ժամանակ ասաց «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:

Բնապահպանի կարծիքով՝ Vallex ընկերությունների խումբը պետք է փոխհատուցի հասցված բնապահպանական վնասը, քանի որ պոչամբարի թափոնները Դեբետ են բաց թողնվել, մինչդեռ «Թեղուտ» ՓԲԸ-ն (մտնում է Vallex ընկերությունների խմբի մեջ) դա կատարելու թույլտվություն չուներ: «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը պետք է ընդմիշտ դադարեցվի»,- շեշտեց Գալստյանը:

Քննարկմանը մասնակցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ Ռաֆայել Աֆրիկյանը տարօրինակ է համարում Vallex ընկերությունների խմբի հայտարարությունը Թեղուտի հանքավայրում ֆինանսական նկատառումներով 1200 աշխատակիցների կրճատման մասին: «Ընկերությունը, որն իրականացնում է 30 մլրդ դոլար արժեքով ծրագրեր, չէր կարող ֆինանսական դժվարություններ ունենալ, հատկապես պղնձի միջազգային գների բարձրացման պարագայում»,- պարզաբանեց նա:

ՀԿ անդամը հայտնեց, որ իր ներկայացրած կազմակերպությունը դրոններով Թեղուտում հետազոտություն է իրականացրել և պարզել, որ հանքավայրն իրականում չի շահագործվում, սակայն պոչամբարը մինչև եզրերը ջրով է լցված, և եթե թեկուզ մի փոքր էլ ավելանա, ամբարտակը կճեղքի: Նա նշեց, որ հետազոտությունների ընթացքում չի հաջողվել պարզել՝ ամբարտակի վրա ճեղք կա՞, թե՞ ոչ, սակայն նկարահանել են ստորգետնյա խողովակ, որով հողաշեղջերի ջրերը Դեբետ են հոսում, ըստ որում խողովակը գործում է միայն գիշերային ժամերին: «Այս մասին մենք հայտնել ենք Շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման դեպարտամենտ, որտեղից մեզ պատասխանել են, որ Դեբետ գետ հողաշեղջերի ջրերի հոսքը դադարեցված է, սակայն տվյալ պահին հետազոտություններ են կատարվում»,- հավելեց ՀԿ անդամը:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը վստահ է, որ Vallex ընկերությունների խմբի և հայ պատասխանատու պաշտոնյաների միջև կոռուպցիոն համաձայնագիր է ստորագրվել: Նա պայմանագիրը ներկայացրեց՝ կնքված հանքավայրը շահագործող ընկերության և Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության միջև, և «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից հանքանյութի արդյունահանման ծավալների մասին փորձագիտական գնահատման արդյունքները: Այս փաստաղթերի համաձայն՝ Թեղուտի հանքավայրում հանքաքարի արդյունահանումը 2014թ․-ին կազմել է 25 մլն տոննա, այն դեպքում, որ պոչամբարի ծավալը կազմել է 174 մլն խոր.մետր: «Արդունահանման նման ծավալը չէր կարող պոչամբարը լցնել, ընկերությունն ինչ-որ բան թաքցնում է. կա՛մ պոչամբարը փոքր ծավալ ունի, քան ներկայացված է պաշտոնական փաստաթղթերում, կա՛մ արդյունահանումը մեծ ծավալներով է կատարվել, կա՛մ տեղ է գտել կոռուպցիոն գործարք»,- նշեց Արթուր Գրիգորյանը: