Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ փաստացի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ում առողջապահական համակարգը ձախողել է կորոնավիրուսի արձագանքը և ամենամեծ խնդիրը թեսթերի հարցում է: Ֆաուչին հայտարարեց նաև, որ մյուս երկրները շատ ավելի լավ են արձագանքել և եթե որևէ քաղաքացի այլ մի շարք երկրներում ցանկանում է թեսթ հանձնել, ապա հանձնում է: Ամենամարդաշատ նահանգը` Կալիֆորնիան, ունի միայն 8.000 թեսթ, որոնց մեծ մասը պիտանի չէ, որովհետև կարևոր ռեագենտներից մեկը չի աշխատում:

Իրականությունն այն է, որ ամերիկյան բազում քաղաքներում այլևս բազում հիվանդներ կան, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուս, բայց թեսթավորում չի արվում: Նահանգների մեծամասնությունում թեսթավորումը գործնականում անհնար է: Եվ դրա պատճառով վարակն ավելի ու ավելի է տարածվում: Վարակի տարածվելուն զուգահեռ տարածվում է և խուճապը: Եվ այդ խուճապը նախևառաջ իշխանության անպատրաստության հետևանք է: Հայաստանում, ամենայն հավանականությամբ, նույն իրավիճակն է լինելու:

Թեսթերը լայնորեն և հեշտորեն հասանելի չեն քաղաքացիներին` ինչպես Ավստրալիայում և Հարավային Կորեայում, որտեղ վարակը հենց դրա շնորհիվ այլևս դանդաղ է տարածվում: Թեսթ հանձնելու համար կան չափանիշներ, որոնք այլևս հնացած են, բայց ծառայում են շատ սահմանափակ քանակությամբ թեսթերը երկար խնայելուն, որը, իհարկե, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ` վարակակիրների շատ փոքր մասն է հայտնաբերվում, իսկ հայտնաբերվածները կարող են այն արագորեն տարածել: Հայաստանում նաև հասարակությունն ամեն գնով ֆիքսված է խուճապից խուսափելու վրա, փոխանակ տեղ տալու լուրջ անհանգստությանը և դրա արդյունքում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու:

Հանգստությունը քուն է, որի ժամանակ թշնամին` տվյալ պարագայում վարակը, շատ ավելի հեշտ է գտնում իր զոհին: ԱՄՆ-ում խուճապն այսօր դառնում է համատարած և ավելի է ուժեղանալու: Այլևս սկսում են դատարկվել բոլոր խանութների սննդային շարքերը, որ ապացույց է այն բանի, որ իշխանությունները չէին սպասում այսպիսի զարգացումների: Եվ այդ ամենն այն պատճառով, որ քաղաքացիներն անհանգիստ չէին, հանգիստ էին և վստահ էին, որ իշխանությունը վերահսկում է իրավիճակը: Հիմա մարդիկ սկսում են ճիշտ վարքագիծ որդեգրել. ինքնամեկուսանալ, դիմակներ կրել, անընդհատ լվացվել, որևէ պարագայում չմասնակցել որևէ մարդկային կուտակման և չլսել մասնագետների կողմից անհեթեթ որակվող որոշ բժիշկների կոչերին` չկրել դիմակներ: Եթե դուք հիվանդ եք և չունեք ախտանշաններ, (իսկ վարակելի դառնում են վարակվելուց բառացիորեն մեկ-երկու ժամ հետո), ապա դուք սպառնալիք եք ողջ շրջապատին: Ձեր դիմակ կրելը որոշակիորեն կկանխի վարակի տարածումը:

ԱՄՆ-ում այսօր արդեն մտայնությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ այլևս պոտենցիալ վարակակիր է և դա այն մտայնությունն է, որը կարող է սահմանփակել տարածումը: ԱՄՆ-ում նաև սկսել են հասկանալ, որ հենց սկզբից թռիչքներ չսահմանափակելը, սահմանները հենց սկզբից չփակելը, նահանգային սուվերենության կառուցվածքից ելնելով` տարբեր նահանգներում դպրոցները բաց պահելն ու հավաքները չարգելելը, աշխատողներին տներից աշխատելու կարգադրություններ չտալը մեծ սխալ էր: Այդ մասին զգուշացնում էին Իտալիայում վերջին օրերին: Հիմա նաև` ԱՄՆ-ում: Հայաստանում անհրաժեշտ է արթնանալ թմբիրից: Այս համաճարակը կարող է վարակել յուրաքանչյուրին և զգուշությունն անհրաժեշտություն է: Մի լսեք այն նեղմիտ և տգետ կոչերը, որոնք կոչ են անում հանգիստ լինել:

Հանգիստ մի եղեʹք: Խուճապի մի մատնվեք, բայց նաև հանգստության մի տրվեք: Երբ հանգիստ եք, թմրած եք, իսկ երբ թմրած եք, ամեն ինչին մատների արանքով եք նայում: Մեծապես կասկածելի է, որ Հայաստանում միայն վեց վարակակիր կա: Ամենայն հավանականությամբ դրանք շատ ավելին են: Այնպես, ինչպես բոլոր երկրներում: Ակնհայտ է, արդեն տեսանք, որ Հայաստանում իշխանությունն անկարող է համարժեք մտածել և արձագանքել այս համաճարակին: Մեծ հարց է` քանի թոքերի օդամատակարար սարք (lung ventilator) կա Հայաստանում: Այս վարակի պարագայում ծանր հիվանդներին դրանք են միայն օգնում պայքարել մահվան դեմ և եթե չկա, կամ ստիպված են անջատել` այս հիվանդությունը հատկապես ծանր տանող հիվանդը մահանում է: Այս համաճարակն ավելի ու ավելի մարդկանց է կլանում և Հայաստանն ուղղակի չի կարող զերծ մնալ դրա ճիրաններից: Խուճապի միʹ մատնվեք, բայց եղեք անհանգիստ, ուշադիր և անչափ զգուշավոր:

Եթե Հայաստանում համաճարակային ծանր իրավիճակ ստեղծվի` ինչպես Իտալիայում, իշխանությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանալու այն որևէ կերպ կառավարել: Ավելացրեք դրան, որ Հայաստանի բժիշկների մեծամասնությունը մասնագիտության պիտանելիության որևէ Արևմտյան թեսթ հաստատ կձախողեր և իրավիճակն ավելի ցայտուն է դառնում (և թող կորոնավիրուսը գրիպի հետ ստատուսներով և տեսանյութերով համեմատող հայաստանցի բժիշկներն ամաչեն իրենց խոսքերից): Այդ պարագայում սեփական կյանքի համար պատասխանատվությունը մնում է հասարակ քաղաքացիների ուսերին, ինչպես այսօր ԱՄՆ-ում է: Գինը, որ կարող եք վճարել, կարող է և անչափ բարձր լինել:

Արթնացեʹք և առանց խուճապի տրվելու` զուսպ, բայց լուրջ միջոցներ ձեռնարկեք»: