«Առաջին լրատվական»-ի եթերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով կորոնավիրուսի հնարավոր ազդեցությանը մեր երկրի տնտեսության վրա, մանրամասներ է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին․

«Հարավային սահմանում Մեղրիի անցակետն այս պահի դրությամբ, կարելի է ասել, փակ է, քանի որ մեր կառավարությունը որոշում ընդունեց և ժամանակավորապես դադարեցվեցին բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները որոշակի բացառություններով՝ կապված մեր հայրենակիցների վերադարձի և Իրանի քաղաքացիների՝ դեպի Իրան վերադարձի հետ: Այս պահին բեռներ ո՛չ ստանում ենք, ո՛չ էլ տանում ենք»:

Նա նշել է, որ փորձ է արվել առողջապահության և ոստիկանության տեսչական մամինների անմիջական հսկողությամբ Արմաշի մաքսային պահեստում իրականացնել մաքսային ձևակերպումները, այնտեղից բեռները փոխադրել հայկական բեռնատարների մեջ և Իրան վերադարձնել Իրանի քաղաքացիներին և բեռնատարները, սակայն հոսքն այնքան շատ է եղել և մաքսային պահեստի հնարավորությունն այնքան էլ մեծ չէ, բացի այդ՝ վարքագծային անկառավարելի իրավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել.

«Մենք ստիպված որոշում կայացրինք ընդհանրապես դադարեցնել բեռնափոխադրումները: Ես նախորդ շաբաթվա իրավիճակն եմ նկարագրում: Այս շաբաթ՝ երկուշաբթի, Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ եղավ և հանձնարարական եղավ, որ Իրանի գործընկերների հետ բանակցենք, խորհրդակցենք և բեռների որոշակի խմբաքանակ ձեռք բերենք, բեռնափոխադրումներ սկսենք: Խոսքը առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է: Որոշակի փոխօգնության անհրաժեշտություն կա: Պայմանավորվածությունները հասնում են ավարտին»,- ասել է Անանյանը: