ՀՀ-ում եկեղեցիները շարունակելու են գործել, ասվում է կորոնավիրուսի տարածման հետ կապված Գարեգին Բ-ի և Հայաստանի եպիսկոպոսների հայտարարության մեջ:

«Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Մեր Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը և այսօր ևս շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը»,- ասվում է հայտարարության մեջ։ Գրում է ՊանԱրմենիան-ը։

Այս մասին ասել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանն ասել է, որ Պահքի շրջանում եկեղեցում հանրային մեծ միջոցառումները շատ չեն և, չի մտաբերի որևէ հանրային միջոցառում, որ կազմակերպված է և կարիք կա չեղարկելու:

«Պահքի ընթացքում հաղորդություն չի տրվում, ողջույն չի տրվում: Նկատի ունեմ՝ հավատացյալներն ինչ-որ կերպ մեկը մյուսին չեն հպվում, որ կարող է ենթադրվել, թե վիրուս կարող է փոխանցվել: Եթե նույնիսկ պատարագի էլ գան մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել, պահելով հիգիենայի կանոնները, չեմ կարծում, թե որևէ խնդիր լինի»,- ասել է տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցին չի պարտադրում պատարագի գնալ, իսկ մարդիկ ազատ են իրենց որոշման մեջ:

«Մարդիկ, ովքեր իրենց վատ են զգում, առողջական խնդիր ունեն, կարող են զգուշությունից ելնելով մնալ տանը և ապաքինվել: Նույն հիգիենայի կանոններն ամեն տեղ կարելի է պահել, և այնպես չէ, որ եկեղեցի պարտադիր պետք է գալ պատարագների: Մարդիկ ազատ են իրենց որոշման մեջ՝ հետևելով առողջապահության նախարարության և համապատասխան մասնագետների բոլոր հորդորներին»,- ասել է նա: