ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացինե՛ր,

Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․

1․ Անձնագրային գործողություններ կատարելու համար Անձնագրային և վիզաների վարչություն կամ ստորաբաժանումներ այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, որի անհրաժեշտությունը չկա, կամ ներկայացնում է հիմնավորում, թե երեխային տանը խնամող չկա: Մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:

2․Անձնագրային և վիզաների վարչության վարչական մասի, ինչպես նաև այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

3. Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Հետևաբար, մեկ անձը՝ իր, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների համար դիմելուց բացի կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ:

Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և հայտնում մեր շնորհակալությունը՝ ըմբռնումով մոտենալու համար։
Հանրային առողջության պահպանումը նաև մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է»։