Օրերս տեղի ունեցավ «Իմ Հայաստան» ծրագրի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպած «Վառ անցյալ, վառ ապագա Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողովը, որի ժամանակ գիտական տարբեր ճյուղերի (հնագիտություն, ազգագրություն, թանգարանագիտություն, երկրաբանություն, պատմություն, արվեստի պատմություն, բանագիտություն, բուսաբանություն և այլն) ներկայացուցիչներն իրենց զեկույցներում անդրադարձան Վայոց ձորի մարզի պատմամշակութային ժառանգության հարստություններին։ Այս մասին տեղեկանում ենք «Իմ Հայաստան ծրագիր» ֆեյսբուքյան էջից, որտեղ մասնավորապես ասվում է

«Ուսումնասիրողներն իրենց խոսքում բարձր գնահատեցին գիտաժողովի` տարածաշրջանային համապարփակ ուսումնասիրության փաստն ու միջոցառումը մարզում կազմակերպելու որոշումը։

Բացման խոսքով հանդես եկան Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյան-Բագրատունին, "Իմ Հայաստան" ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Բոբոխյանը և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը»։